Մոսկվան փաստաթղթեր է մշակել. Պուտին-Փաշինյան-Ալիև նոր հանդիպում կկազմակերպվի

«Երևանում հասկանում եմ, որ անհրաժեշտ է համոզել Ղարաբաղի հայերին՝ բանակցությունների սեղանի շուրջ նստել Բաքվի հետ», - ըստ «Ազատության», երեկ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների ավարտին հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Հայկական կողմում առկա է այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ շուտափույթ կերպով հանդիպումներ անցկացնել ադրբեջանական ներկայացուցիչների հետ՝ այն իրավունքների համաձայնեցման նպատակով, որոնք բխում են համապատասխան օրենսդրությունից, միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի կողմից ստանձնած)՝ ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ միջազգային կոնվենցիաները», - ասաց Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարի հետագա խոսքից, սակայն, ստացվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովումը բանակցությունների ընթացքում ուղղակիորեն շաղկապվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային։

«Ադրբեջանական կողմը, փոխադարձության սկզբունքից ելնելով, պատրաստ է նույնանման երաշխիքներ տրամադրել իր տարածքում ապրող մարդկանց։ Հայերն այդ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով պատրաստ են նույնն անել այն մարդկանց պարագայում, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետությունում», - հայտարարում էր Լավրովը։

Լավրովը նաև ընդգծում էր, որ կողմերը հասկանում են՝ Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովումը պետք է ուղղակիորեն կապված լինի 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների հետ։ «Ամենազգայուն հարցը նախկինում եղել է և հիմա էլ մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման կոնտեքստում։ Այն ամբողջությամբ պետք է համապատասխանի 1991-ին Ալմա-Աթայում, նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրի դրույթներին», - հայտարարում էր Լավրովը, ընդգծելով, որ այդ հռչակագրի վավերականությունը երեկ կայացած բանակցությունների ընթացքում հաստատել են թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերը և որ «խաղաղ պայմանագրի վրա աշխատանքը կառուցվում է հենց դրան համապատասխան»։

Երեկ ավելի քան երեք ժամ կայացած եռակողմ բանակցություններում չի շրջանցվել Լեռնային Ղարաբաղի շրջափակման թեման: «Մենք մեր զրուցակիցներին ներկայացրեցինք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից ներկայացված զեկույցները։

Ներկայացրեցինք նաև գնահատականներն այն քայլերի մասին, որոնք շատ ցանկալի է, որ ձեռնարկվեն որքան հնարավոր է արագորեն, առանց հապաղման, որպեսզի Ղարաբաղի բնակչությունն ապահովվի սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության ապրանքներով, վերականգնվի էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարումը։ Այս ամենը բխում է հասարակ մարդկանց, հասարակ հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից», -ասաց Լավրովը՝ ընդգծելով, որ առկա ճգնաժամը պետք է հանգուցալուծվի այն եռակողմ հայտարարությունների հիման վրա, որոնք ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները 2020, 2021 և 2022 թվականներին։

Լավրովի խոսքով՝ երեկվա բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև սահմանների դելիմիտացիայի և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերագործարկման հարցերը: Լավրովը չբացառեց նաև, որ մինչև տարեվերջ կարող է կայանալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ևս մեկ եռակողմ հանդիպում։ Ուշագրավ է, ի դեպ, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը երեկ խոսեց նաև հայ-ադրբեջանական բանակցություններում Ռուսաստանից բացի այլ միջնորդների ներգրավման մասին՝ փոքր-ինչ մեղմացնելով քննադատական տոնայնությունը։

«Ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանն այլև մյուսներին որպես միջնորդ օգտագործելու թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի շահը մենք հասկանում ենք։ Ողջունում ենք այն ուժերի ցանկությունը, որոնք անկեղծորեն շահագրգռված են օգնելու, որպեսզի Բաքուն և Երևանը պայմանավորվածությունների հանգեն, որոնք, ինչպես և մենք, աշխատում են այդ ուղղությամբ։ Դրա հետ մեկտեղ, պետք է բացառել այն դեպքերը, երբ փորձ է արվում պայմանավորվածություններն արհեստականորեն պարտադրել՝ ելնելով ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից, այլ հանուն լրատվամիջոցներում գեղեցիկ վերնագրերի, աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական նկատառումներից ելնելով», ասաց Ռուսաստանի արտգործնախարարը։

Առավել ուշագրավ էր Լավրովի կողմից մեկ այլ բացահայտում, թե` Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում...

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում՝ ի լրումն մինչ օրս ստորագրված հայտարարությունների, երեկ Մոսկվայում ընդունելով Ադրբեջանի արտգործնախարարին՝ ասաց Լավրովը։ Փաստաթղթերի բովանդակության մասին Սերգեյ Լավրովը որևէ բան չասաց։

Փոխարենը որոշ ակնարկներ արեց Հայաստանի արտգործնախարարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ․ - «Կարևոր ենք համարում առաջ գնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման, դելիմիտացիայի ու հասարակական կառույցների միջև երկխոսության։ Պատրաստ ենք դրան ամեն կերպ աջակցել։ Ակնկալում ենք հատուկ շեշտադրում կատարել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ լուծումներ գտնելու վրա։ Մենք մի շարք գաղափարներ ունենք, որոնք, հուսով ենք, որ անօգուտ չեն լինի»։

Թե Հայաստանի, թե Ադրբեջանի արտգործնախարարների հետ երկկողմ հանդիպումներում Լավրովն ընդգծեց, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ «Երկրորդ հարցը, որ առանցքային նշանակություն ունի Ռուսաստանի համար, վերաբերում է Լեռնային Ղարաբաղին և այն ամենին, ինչ կապված է դրա հետ», - փոխանցեց Լավրովը Ադրբեջանի արտգործնախարարին։ Ավելին՝ ակնարկեց, թե Բաքվի հետ որոշակի փոխըմբռնում կա Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության հարցում։ Թե երբ և ինչպես է Ադրբեջանը փոխանցել այդ պատրաստակամությունը, Լավրովը չհստակեցրեց։

«Մենք շատ ենք գնահատում, որ մեր ադրբեջանցի բարեկամները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունը։ Սա առանցքային հարցերից մեկն է», - նշեց նա։

Լաչինի միջանցքին ու Ղարաբաղում ստեղծված իրադրությանը Լավրովն անդրադարձավ նաև Միրզոյան հետ հանդիպմանը, մի փոքր այլ շեշտադրությամբ։ Նախ ընդգծեց, որ Մոսկվան ուզում է աջակցել ի հայտ եկած սուր մարդասիրական խնդիրների լուծմանը, հետո հավելեց, որ «դրա համար կան ռուսական խաղաղապահ առաքելության բոլոր հնարավորությունները, բայց առանց կողմերի համագործակցության դա անելը հեշտ չէ»։
Ապա Լավրովն առաջարկեց քննարկել՝ ուր են հասել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները...

Երկկողմ բանակցություններից հետո մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Լավրովը այստեղ էլ հստակ հայտարարեց՝ Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին, այս անգամ, սակայն, հատուկ շեշտելով, որ հակամարտող կողմերն են նման ցանկություն հայտնել. - «Ռուսաստանը խորապես շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ։ Եվ մենք, կողմերի համաձայնությամբ, ինչը, որքան հասկանում եմ, վերահաստատվել է, կշարունակենք մեր ջանքերը իրավիճակի կայունացման ուղղությամբ թե հայ-ադրբեջանական սահմանի, թե մարդասիրական խնդիրների լուծման, թե տնտեսական ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ»։ «Առաջարկում եմ քննարկել՝ ուր են հասել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները», - հորդորեց Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին։

Բայրամովն իր հերթին պնդեց՝ բանակցային գործընթացը ակտիվ է, արդյունքները՝ ոչ այդքան։ «Բայց, սխալ կլինի ասել, թե արդյունքներ ընդհանրապես չկան», - ասաց նա։
Մոսկվան, այսպիսով, վերադարձնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների, պայմանավորվածությունների և նույնիսկ փաստաթղթերի ստորագրման ուղղությամբ գլխավոր դիրիժորի իր դերակատարումը:

Երեկվա եռակողմ բանակցությունների համատեքստում Լավրովի կողմից հնչեցված հայտարարությունները, գոնե, դրա մասին են վկայում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1693 անգամ
Լրահոս
Դա ծուղակ է, ի՞նչ սահմանազատում, եթե պայմանագիր չկա. Տարասով «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան» Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը Չհասկացա՝ երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական. Համբարձում քահանա Դանիելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պետտուրքը Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի» Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով ԱԳՆ-ի մոտ տիրող լարված իրավիճակում կարմիրբերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալները Պահանջում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը. հայտարարություն Էսօրվա գլխավոր «չեմպիոններից» մեկը... «Ծառայելով մեկ հոգու քմահաճույքին՝ ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը»․ Սրբազանը՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկաններին Վաղը 18:00-ին Գյումրիում հանրահավաք կլինի Աննա Հակոբյանը վաղը Գյումրի է գնում. Oragir.news Վեդին մերժել է Փաշինյանին․ ավարտական դասարանցիներին սպառնացել են՝ չգալու դեպքում ատեստատ չտալ Էս ա մեր շորեր ճղող ապերոն․ Հովհաննես Իշխանյան Ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով՝ դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը սկսել է ջրհեղեղից հետո Հայաստանի երկաթուղու վերականգման աշխատանքները Ադրբեջանի զինված ուժերը հերթական զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Աղստևի վարարումից հետո Դիլիջանում ջրամատակարարման խնդիրներն այս օրերին աստիճանաբար լուծվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am